10 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop Dialogue-ը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։ Բացի այդ, բրիտանական կողմը չեղարկել է պաշտպանական ոլորտում պատրաստվող բարձր մակարդակի բանակցությունները և կասեցրել կիբերանվտանգության ծրագիրը: Այս մասին InterpressNews առցանց պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
«Մենք հիասթափվեցինք, երբ «Վրացական երազանքի» առաջնորդները սկսեցին առաջ տանել դավադրության տեսությունները և ենթադրություններ անել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը։ Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցությունների արգելքն անվանեց իր նախընտրական ծրագրի խոստումներից մեկը»,- շարունակել է InterpressNews-ի զրուցակիցը։
Միաժամանակ դեսպանը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը կվերադառնա արևմտամետ կուրսի, և կվերականգնվի վստահությունը Լոնդոնի ու Թբիլիսիի միջև։