Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը շնորհավորել է Գաֆարովային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ խորհրդարանական բարեկամության խմբերն արդեն ձևավորվել են, և ժամանակն է, որ երկու երկրի խորհրդարանները շարժվեն հարաբերությունների խորացման ուղղությամբ: Նա շեշտել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է: «Հավատացած ենք, որ Իրանն ու հարևան երկրները տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է հետևեն բարիդրացիականության քաղաքականությանը, քանի որ այս բոլոր երկրների զարգացումն ու բարգավաճումը տարածաշրջանը կարող է տանել խաղաղության հաստատման»:
Մատնանշելով կրոնական, մշակութային, հասարակական ընդհանրությունները, որոնց պատճառով Ադրբեջանը կարևորվում է Իրանի համար՝ Ղալիբաֆը նշել է. «Այս կարողությունները հնարավորություն են տալիս երկու երկրին շարժվել հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»:
Անդրադառնալով Կովկասին և «3+3» ձևաչափին՝ Ղալիբաֆն ընդգծել է. «Մենք պետք է խնդիրները լուծենք տարածաշրջանի երկրների միջև բանակցությունների միջոցով, և նման հարցերում արտաքին ու տարածաշրջանից դուրս երկրների միջամտությունըորքան շատ լինի, այնքան ավելի քիչ արդյունք կստանանք մարտահրավերները լուծելու հարցում»: Ղալիբաֆը նաև կոչ է արել հետամուտ լինել տարածաշրջանի խնդիրների լուծման համար «3+3» ձևաչափով առաջին հանդիպման անցկացմանը և նշել. «Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը մեծ տերությունների հակամարտության վայրի վերածվի, այդ իսկ պատճառով պետք է վճռականորեն առաջ տանենք այս հարցը և թույլ չտանք, որ օտար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար տեղ բացվի այս տարածաշրջանում»:
Շարունակելով՝ Ղալիբաֆը տարածաշրջանում Իսրայելի գործողություններն անվանել է հակաիսլամական, հակամարդկային արարք և հավելել. «Մենք բոլորս պարտավոր ենք որպես մարդ, մուսուլման աջակցել այն կանանց և երեխաներին, որոնք ամեն օր սպանվում են, այն ընտանիքներին, որոնք տեղահանվում և անօթևան են մնում: Չպետք է այս հարցերի առնչությամբ անտարբեր լինենք»: Իրանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է Գազային և Լիբանանին հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը:
Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին կարևորել է Իրանի հետ հարաբերությունների, այդ թվում՝ խորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա նշել է, որ երկու երկրի կառավարությունները շարժվում են հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Անդրադառնալով Մերձավոր Արևելքում իրադրությանը՝ Գաֆարովան ասել է. «Որպես ադրբեջանցի՝ լիովին հասկանում եմ այս տարածաշրջանում տեղի ունեցող ողբերգությունների խորությունը, քանի որ դա մենք մեր մաշկի վրա ենք զգացել և կարծում ենք, որ 21-րդ դարը նման ողբերգությունների և սպանությունների տեղ չէ»: