Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանում Հըզբոլլահի 200-ից ավելի թիրախի: Ըստ ՑԱՀԱԼ-ի՝ դրանք գտնվել են Լիբանանի հարավային և կենտրոնական հատվածներում: Նշվում է, որ ոչնչացվել են շարժման տասնյակ ներկայացուցիչներ: Տուժածներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում: Լիբանանի հյուսիսում 21 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել: ԶԼՄ-ների տվյալով՝ հարվածը հասցվել է Աիտու բնակավայրին, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով։
«Հըզբոլլահ»-ն էլ թիրախավորել է Լիբանանում և Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելցի զինվորականների: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Իսրայելի տարածքում էլ տագնապի ազդանշաններ են հնչել: Միլիոնավոր իսրայելցիներ ստիպված են եղել թաքնվել ապաստարաններում: Իսրայելի վարչապետը խոստացել է, որ ՑԱՀԱԼ-ը կշարունակի անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» Լիբանանի բոլոր հատվածներում, այդ թվում՝ Բեյրութում:
«Մենք դա արդեն ապացուցել ենք և կապացուցենք առաջիկա օրերին»,- նախազգուշացրել է Բենիամին Նեթանյահուն:
Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հավատացրել է, որ Իրանը շուտով պատասխան կստանա իր գործողությունների համար, այն կլինի վճռական և մահացու:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։