Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական ռազմական օբյեկտներին, ոչ թե նավթային կամ միջուկային՝ գրում է Washington Post-ը։
Ըստ պարբերականի՝ դա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։
Վերլուծաբանները մտավախություն ունեին, որ հարձակումն իրանական նավթային օբյեկտների վրա կարող է առաջացնել աշխարհում էներգակիրների գնաճ, իսկ միջուկային օբյեկտների վրա հարձակումը՝ հրահրել հետագա էսկալացիա և ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ նշում է Washington Post-ը։ Բայդենն ավելի վաղ Իսրայելին կոչ էր արել «մտածել այլ տարբերակների մասին»։
Վաշինգտոնում աղբյուրը WP-ին հայտնել է, որ Իսրայելի հարվածն Իրանին նախատեսված է նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ։ Եթե Իսրայելը չպատասխանի իր տարածքի զանգվածային հրթիռակոծմանը, Թեհրանը դա կարող է մեկնաբանել որպես թուլության նշան, գրում է թերթը։ Բացի դրանից՝ Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունների արդյունքում Իսրայելը հայտարարել է, որ գործողությունները Լիբանանում կդադարեցնի «առաջիկա շաբաթների ընթացքում»՝ հաղորդում է պարբերականը։