ՆԱՏՕ-ն չի վախենա ռուսական սպառնալիքներից և կշարունակի աջակցել Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից: Այդպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի՝ այդ պաշտոնում Գերմանիայի Վիսբադենում գտնվող՝ Ուկրաինային աջակցող առաքելության կենտրոնակայան իր առաջին այցի ժամանակ։
«Մեր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն է, որ մենք կշարունակենք և կանենք ամեն ինչ, որ նա չհասնի իր ուզածին, և Ուկրաինան հաղթի»,- ասել է Ռյուտեն Reuters գործակալության հետ հարցազրույցում։
Reuters-ը նշում է, որ շատերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարություններն Ուկրաինային անսասան աջակցություն ցույց տալու մասին դիտարկում են ԱՄՆ նախագահի պաշտոնում պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հնարավոր ընտրության համատեքստում: Նա հայտնի է Հյուսիսատլանտյան դաշինքին իր քննադատությամբ։
Դաշինքի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ուկրաինական ուժերի անվտանգության աջակցության և ուսուցման հրամանատարությունը (NSATU) կտեղակայվի Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ ԱՄՆ ռազմաբազայի տարածքում։ Նոր շտաբում, ինչպես նաև դրան կից նյութատեխնիկական ապահովման հանգույցներում կտեղակայվի մոտ 700 զինվորական։