ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները:
-Պարոն Խանդանյան, Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 14-ին, ընդունելով Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանին, հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունն է, որ հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը մի փոքր այլ կերպ էր ներկայացնում:
-Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է պարզապես հղում կատարենք փաստերին: 2023թ. հունիսին Քիշնևում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնգակողմ հանդիպումը, որպես բրյուսելյան քննարկումների ամփոփման հարթակ: Պայմանավորվածություն ձեռքբերվեց այդ ձևաչափով հաջորդ հանդիպումը ունենալ նույն թվականի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում՝ Բրյուսելում առաջիկա եռակողմ հանդիպումից հետո: Բրյուսելում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ 2023թ. հուլիսի 15-ին, իսկ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել: Գրանադայից անմիջապես հետո ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, և կողմերն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։ Այնուամենայնիվ, հետագայում ադրբեջանական կողմը հրաժարվեց այս հանդիպումից եւս։ 2024 թվականի փետրվարի 2-ին վարչապետ Փաշինյան - նախագահ Միշել հեռախոսազրույցում վերջինս առաջարկել էր Բրյուսելում եռակողմ հանդիպում ունենալ մարտի սկզբին։
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումն անցկացնել մարտի 12-ին: Հետագայում Ադրբեջանը հրաժարվեց նաև այդ հանդիպումից: Ապրիլին Շառլ Միշելը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առաջարկելով Բրյուսելում անցկացնել եռակողմ հանդիպում։ Վարչապետ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվել էր հանդիպումից։ Հավելեմ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ստանձնած հումանիտար բնույթի մի շարք հանձնառություններ, ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ:
- Բայց Ադրբեջանը փաստարկում է, որ Հայաստանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հուլիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում հանդիպման առաջարկից:
- Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը և Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը, որն ավելի վաղ հրաժարվել էր հնգակողմ ֆորմատով հանդիպումներից: Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել: