Հանցավորության վերջին հինգ տարվա վիճակագրությունը խորհրդարանում ներկայացրել են ուժային կառույցների ղեկավարները, անդրադարձել նաև աղմկահարույց գործերին: Մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել է թեժ բանավեճի:
Խորհրդարանում վիճակը լարվել է, երբ ամբիոնին է մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Դիմելով Քննչական կոմիտեի նախագահին՝ նա հայտարարել է. «Պարոն Քյարամյան, 200 տարի պատգամավոր եմ, նու, 150 տարի, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցած-չունեցածի մասին, դուք կիրթ, հանդուրժող ձևով պատասխանում եք Լևոն Քոչարյանի հարցին, ով ունի լիքը բիզնես, եղբայրն ունի, սկսնակ բիզնեսներին սկզբից մորթում ենք, որ չաճեն, դառնան Լևոն Քոչարյաններ, Սեդրակ Քոչարյաններ, ինչքանո՞վ է ճիշտ։ Դուք այստեղ ելույթ եք ունենում, ինչ-որ մեկը ռեպլիկ է բաց թողնում, դուք շատ կոպիտ արձագանքում եք, դուք դրա իրավունքը չունեք»:
Աղազարյանի ելույթը Քյարամյանն անպատասխան չի թողել։
«Պարոն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեք, որ խոսեմ պարոն Քոչարյանի հետ, կռի՞վ անեմ Ազգային ժողովում։ Ռեպլիկի հետ կապված՝ էս երկրի երեսին մեկը չկա, ով որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել: Եթե եղել է այդպիսին, ուրեմն ես շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը կլինի հետագայում»,- ասաց ՔԿ նախագահը:
Միջամտել է նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը: «Ինչի փչացրեցիք մեր այս հրաշալի քննարկումները»,- ասել է նա: