ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրներն էին, բարեփոխումների իրական արդյունքները:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, ուժային կառույցների, իրավապահ համակարգի, քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում նախ ներկայացրել է լսումներ անցկացնելու նպատակն ու շարժառիթը, նշել, որ որոշման հիմքում մեր երկրում օպերատիվ իրավիճակի, դրա կառավարման, բարեփոխումների և դրանց արդյունավետության առումով վերջին շրջանի զարգացումներն են: Լսումներն անցկացնելու դրդապատճառներից խոսելով՝ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը հիմք է ընդունել նաև սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների՝ երկրում տիրող օպերատիվ իրավիճակի մասին հարցերին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի հայտարարությունն առ այն, որ ցանկալի է ԱԺ-ում լսումների կազմակերպումը, այնուհետև հարցին անդրադարձը Կառավարության նիստում:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ նման ներկայացուցչական կազմով քննարկումը միտված է մեր երկրում անվտանգության, օպերատիվ իրավիճակի գնահատմանը, որի արդյունքում կձևավորվեն թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մակարդակում հետագա անելիքները:
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը լսումների մասնակիցներին ներկայացրել է համապարփակ վերլուծական տեղեկատվություն վերջին հինգ տարիներին մեր երկրում արձանագրված հանցավորության շարժընթացի, աճի միտումների, դրանց նպաստող պայմանների, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Զեկուցողի խոսքով 2020 թվականից ի վեր Ոստիկանությունն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ՝ պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ, ապա ռազմական դրությամբ, բացի այդ ծավալուն աշխատանքներ են իրականացվել տարաբնույթ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պատշաճ պահպանման և հասարակական անվտանգության ապահովման բնագավառում:
Ներկայացնելով հանցավորության շարժընթացը՝ նախարարն արձանագրել է, որ վերջին տարիներին հանցավորության աճը միջինում կազմել է 11,1 տոկոս՝ կրճատվելով 0,7 տոկոսով: «2024 թվականի ութ ամիսներին արդեն արձանագրվել է հանցավորության 4,2 տոկոսով նվազում՝ 25.637-ից կազմելով 24.567 դեպք»,- տեղեկացրել է Վահե Ղազարյանը:
Վերջին տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58,3 տոկոսգ 2019-ին? 284, 2020-ին? 296, 2021-ին՝ 350, 2022-ին՝ 880, 2023-ին՝ 1678, ինչը հիմնականում պայմանավորված է եղել առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահութան դեպքերով:
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 13,4 տոկոս: Վերլուծությունը ցույց է տվել, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա: Նշվել է, որ միջինում 10,8 տոկոսով նվազել են գողությունները:
Նախարարը փաստել է, որ հանցավորության աճի վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև հայտարարված համաներումները: «Կատարված վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ: Օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականների ընթացքում համաներված 4976 անձից հետագայում հանցանք են կատարել 1152-ը, որոնցից 242-ը՝ երկու և ավելի անգամ»,- ըեղեկացրել է Վահե Ղազարյանը:
Ընթացիկ տարում 325-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, իսկ վիրավորների թիվը՝ 380-ով: Երեանի փողոցների և խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի խցանումներից խուսափելու նպատակով Ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում և փողոցներում, ինչը, ըստ զեկուցողի, ևս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը:
Նախարարը խոսել է նաև գրանցված հանցագործությունների աճի վրա էական ազդեցություն ունեցող լատենտային հանցագործությունների և ընդհանուր վիճակագրական պատկերում դրանց մասնաբաժնի մասին: «Վերջին հինգ տարիների ընթացքում պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով՝ դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված շուրջ 1 տոննա 220 կգ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերված 62 կգ-ն եղել է սինթետիկ»,- ընդգծել է Վահե Ղազարյանը՝ հավելելով, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից՝ հատկապես Մեղրի սահմանային հատվածով:
Զեկուցողը համոզմունք է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը զուգընթաց՝ թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են: Նշվել է, որ վերջին տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ:
Վահե Ղազարյանի դիտարկմամբ հանրապետությունում Պարեկային ծառայությունն իր դրական ազդեցությունն է ունեցել հանցագործության հայտնաբերման գործընթացում: 2023 թվականի ընթացքում պարեկային ծառայողների կողմից հայտնաբերվել են զենք-ռազմամթերքի 226, խուլիգանության 168, ֆիզիկական ներգործության 140, գողության 131, ապօրինի ծառահատման 80, կաշառքի 44 և այլ դեպքեր:
Ըստ նախարարի՝ վերջին տարիներին հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն ունի կայուն աճ:
Պատգամավորների և լսումների մասնակիցների հարցերին ի պատասխան՝ զեկուցողն անդրադարձել է առանձնապես ծանր հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության տեմպերի, հանցավորության դեմ պայքարում իրականացվող քայլերին, կանխարգելիչ միջոցների արդյունավետությանը: Ներկայացվել են ճանապարհային երթևեկության համակարգում խնդիրներն ու անելիքները: Հարց է հնչել ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասով ծառայողական քննությունների անցկացման ընթացքի, տրանսպորտային միջոցների, պահեստամասերի գողությունների վերաբերյալ: Կարևորվել է իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճը, քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը:
Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ Ոստիկանությունը բարեփոխումների փուլում է և վստահեցրել, որ այդ բարեփոխումների արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ կլինի: Նախարարը ներկայացրել է այդ բարեփոխումներով նախատեսված կառուցվածքային փոփոխությունները: Անդրադառնալով հատկապես մայրաքաղաքում խցանումների վերացման ուղղությամբ նախաձեռնած քայլերին՝ Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ստեղծված նոր բաժինը զբաղվում է ճանապարհային երթևեկության կանոնների կանոնակարգման աշխատանքներով, մեծ աշխատանք է կատարվել և՛ Երևանում, և՛ մարզերում. պարբերաբար համապատասխան կառույցների հետ խորհրդակցություն է լինում և չնայած զգալի չափով տրանսպորտային միջոցների ավելացմանը՝ Երևանում խցանումներից առկա է որոշակի բեռնաթափում: