Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ և նույնանման: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքների նախագծերը:
Զեկուցողը նշել է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի թվային եղանակով, համաժամանակյա ռեժիմով և ցանկացած պահին հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը: Հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների վերահսկողությունը, նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում կան խնդիրներ: Մասնավորապես, գործատուն միշտ չէ, որ պահպանում է աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը. օրինակ՝ չեն նշվում աշխատաժամանակի տևողությունը կամ վարձատրության չափը և կամ մի շարք այլ պահանջներ: Դեպքեր կան, երբ տարբեր պատճառներով չի տրամադրվում նաև աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները:
Համակարգը նախատեսվում է ներդնել երկու փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր:
Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ: Աշխատանքային պայմանագիրն աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով կլինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Թվային համակարգի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն, Տեսչական և հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակում և հարկային հսկողության մասով: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն կտրվի այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կարվի ամենը, որպեսզի համակարգը հասանելի լինի բոլորին և ապահովվի թվային անվտանգությունը: Փոխնախարարը նաև անդրադարձել է աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ խզմանն ու նման համակարգի ներդրման միջազգային փորձին վերաբերող հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ համակարգի ներդրումը բավականին առաջադեմ է և արմատական փոփոխություն է ներկայացնում: Նա առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքների նախագծերում կատարել մի քանի տեխնիկական բնույթի շտկումներ:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ հոկտեմբերի 14-ի հերթական նիստում և ստացել դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել նաև առաջիկա ԱԺ հերթական օրակարգի նախագծում: