Հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև հայտարարված համաներումները, քանի որ կատարված վերլուծությունները փաստում են, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Օրինակ` 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականի ընթացքում համաներված 4.976 անձից հետագայում հանցանք են կատարել 1.152-ը, նրանցից 249-ը` երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական` սպանության և սպանության փորձի, 3-ը` սպանության սպառնալիքի, 4-ական` ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը` գողության, այդ թվում՝ 33-ը` բնակարանային և այլն:
Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիների ընթացքում 1․521 նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 1․980 հանցագործության դեպք (2019 թ.` 337, 2020 թ.` 242, 2021 թ.` 531, 2022 թ.` 562, 2023 թ.` 310)։
Հարկ է նշել, որ Ոստիկանությունում գրեթե իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը ևս հանցավորության վիճակագրության աճին նպաստող հանգամանք է»,- ասաց Վահե Ղազարյանը: