Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երկաթուղային կայարանի շենքը (1959-1962 թթ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երաժշտություն» քանդակը (1978 թ.)։ Եվս ութ պատմամշակութային օբյեկտներ ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։ Դրանք են՝ Էրեբունի վարչական շրջանի Գերեզմանոց Քաղաքային պանթեոն-3-ը (1980-ական թթ.), Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Մանկուք» գյուղատեղիի (3.98.13) տարածքում հայտնաբերված 6 խաչքարերը, որոնք թվագրվում են 13-16-րդ դարերով և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ հայտնաբերված 13-14-րդ դդ. խաչքարը։
Քննարկվել է նաև Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների 27 նախագիծ, այդ թվում՝ Երևան քաղաքի Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-1, 1940-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.1), Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-2, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.2) և Գերեզմանոց «Քաղաքային պանթեոն». Պանթեոն-3, 1980-ական թթ. (պետ. ցուցիչ՝ 1.5.6.3), Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամրոց Ալեհերի, Ք.ա II հազ. II կես (պետ. ցուցիչ՝ 5.1.3), Դամբարանադաշտ, Ք.ա. II-I հազ. (պետ. ցուցիչ՝ 5.1.3.1), Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ամրոց Կարմիր բերդ (պետ. ցուցիչ՝ 6.29.1) և Սոլակ գյուղի վանական համալիր Մայրավանք, VII-XIV դդ. (պետ. ցուցիչ՝ 6.60.9) հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։