Չինաստանը լայնածավալ զորավարժանք է անցկացնում Թայվանի մերձակայքում։ Joint-Sword-2024B անվանումը ստացած զորավարժությունները տեղի կունենան Թայվանի նեղուցում և կղզուց հյուսիս, հարավ և արևելք ընկած շրջաններում, հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի Արևելյան հրամանատարությունը: «Զորավարժությունները նաև խիստ նախազգուշացում են Թայվանի անկախության ուժերի անջատողական գործունեությանը: Սա օրինական և անհրաժեշտ միջոց է Չինաստանի պետական ինքնիշխանությունն ու ազգային միասնությունը պաշտպանելու համար»,- ասվում է չինացի զինվորականների հայտարարության մեջ:
Զորավարժությունների ավարտի ժամկետն այս անգամ չի հայտարարվել, նշում է Reuters-ը։ Թայվանի պաշտպանության նախարարությունն արդեն դատապարտել է Չինաստանի «իռացիոնալ և սադրիչ գործողությունները» և հայտարարել է սեփական զինված ուժերի տեղակայման մասին՝ կապված չինական զորքերի կողմից կղզու փաստացի շրջապատման հետ։ Կղզին բարձր զգոնության մեջ է անցած շաբաթ Ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ նախագահ Լայ Ցինդեի ելույթից հետո, որում նա շեշտել է, որ Պեկինը Թայվանը ներկայացնելու իրավունք չունի: Չինաստանի իշխանությունները դատապարտել են նրա ելույթը։
Չինացի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Պեկինը Թայվանը համարում է ապստամբ նահանգ, որը, անհրաժեշտության դեպքում, Չինաստանին կվերադարձվի ռազմական ուժի միջոցով: Կղզու իշխանությունները 1949 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո անկախություն են հռչակել մայրցամաքային Չինաստանից, սակայն ընդամենը մոտ մեկ տասնյակ երկիր է ճանաչել Թայվանը որպես ինքնիշխան պետություն: