Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրան այցի ժամանակ հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Իրանի նախագահը նշել է, որ հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հավելել, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի:
Նա կրկնել է իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանում այլ երկրների ներկայությունը տարածաշրջանի երկրների օգտին չէ, և որ վերջինները պետք է լուծեն առկա խնդիրները:
«Վստահ ենք, որ միմյանց հետ համագործակցելով կարող ենք լուծել անվտանգության և հարակից հարցերը: Սա ԻԻՀ կառավարության սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է ԻԻՀ նախագահը։
Մուստաֆաևը հայտարարել է, որ «որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունեն»: «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև բանակցություններով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան և Փեզեշքիանին հրավիրել մասնակցելու COP29-ին:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հարցեր: