Երկուշաբթի ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել հինգ անձի և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք պատասխանատու են «Մոլդովայի Հանրապետությունը ապակայունացնող գործողությունների համար»:
«ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը Մոլդովայի ժողովրդի օրինական ձգտումներին: Այսօրվա պատժամիջոցների ցուցակները ևս մեկ ներդրում են Մոլդովայի կայունությանը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Միաժամանակ նա մեղադրել է Ռուսաստանին՝ Մոլդովայում իրադրության ապակայունացման համար։ ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում ասվում է, որ ցուցակում ընդգրկված է Եվգենիա Գուցուլը, որը Գագաուզիայի առաջնորդն է և «պատասխանատու է այս տարածաշրջանում անջատողականությունը խթանելու համար՝ դրանով իսկ փորձելով տապալել սահմանադրական կարգը և սպառնալով Մոլդովայի ինքնիշխանությանն ու անկախությանը»։
Սառեցվել են պատժամիջոցների ենթարկված անհատների և կազմակերպությունների ակտիվները։ Անհատներին արգելվում է մուտք գործել ԵՄ: Արգելվել է նաև նրանց ուղղակի կամ անուղղակի միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել: