Առաջին անգամ Հայաստանում, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակում, անցկացվեց Investor Tour (Ներդրողների տուր)․ 35 ներդրողներ աշխարհի 12 երկրից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։
BANA Angels-ի հետ համագործակցությամբ այս մասշտաբային իրադարձությունը հաջողությամբ անցկացվեց, ինչը հայկական ստարտափներին բացառիկ հնարավորություն ընձեռեց բացահայտելու ֆինանսական նոր հնարավորություններ, ռեսուրսներ և շուկաներ։ Արտերկրից ժամանած ներդրողները WCIT2024/DigiTec-ի օրերին եղան հատուկ ծրագրով Հայաստանում, այցելեցին համաժողովի տարածք, ԴիջիԹեք էքսպո, տեղում ծանոթացան Հայաստանի ստարտափների էկոհամակարգին։ «WCIT2024/DigiTec-ը, ԴիջիԹեք էսպոն և նմանօրինակ միջոցառումները հնարավորություններ են ստեղծում միջազգային ներդրողներին ներկայացնելու տեղի տեխնոլոգիական ու նորարարական ներուժը։ Համագործակցելով BANA Angels-ի հետ՝ մենք կարողացանք հնարավորինս մոտեցնել ներդրողներին ստարտափներին, ներկայացնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգն ու զարգացումները, հեռանկարային կապեր հաստատել ու ծրագրեր նախագծել։ Համոզված եմ, որ էկոհամակարգի հետագա զարգացման համար այսպիսի տուրեր պետք է հաճախ կազմակերպվեն և բացառապես նման բարձր որակով»,- ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ Ներդրողները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի յունիքորն ստարտափներից (Unicorn startup) մի քանիսին և ուսումնասիրելու տարածաշրջանի աճը խթանող նորարարական նախագծերը:
«Ուրախ ենք, որ այսքան կարճ ժամանակահատվածում ունեցանք նման մեծ հետաքրքրվածություն մեր միջազգային գործընկերներից, որոնք մեծ ցանկություն հայտնեցին այցելելու Հայաստան, ծանոթանալու տեղի ստարտափների էկոհամակարգին և ստեղծելու նոր կապեր։ Ներդրողների տուրը հաջողված էր, այն անցավ շատ դրական աշխատանքային մթնոլորտում, արդեն ունենք որոշակի հետաքրքրություն խորացնելու համագործակցությունը մի քանի ուղղություններով, և ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»,- ասել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։
Միջազգային ներդրողների հետ համագործակցությունը կարող է էականորեն բարձրացնել հայկական ստարտափների ճանաչումը համաշխարհային մակարդակում՝ խթանելով նորարարությունը և նոր գործընկերությունների ձևավորումը։ Սա ոչ միայն կօգնի ստարտափներին ընդլայնել իրենց գործունեության աշխարհագրությունը, այլև կապահովի նրանց մրցունակությունը միջազգային շուկայում՝ ստեղծելով կայուն տնտեսական զարգացում ՏՏ ոլորտում։
Ներդրողների տուրի շրջանակներում անցկացվեց նաև արտերկրից ժամանած ներդրողների և ֆոնդերի կառավարիչների համար LP/GP ներդրումային միջոցառումը, որը հնարավորություն է տալիս գործընկերներին հանդիպել, քննարկել ֆոնդի գործունեությունը, ներդրումային հնարավորությունները և ռազմավարությունները, ինչպես նաև խթանել համագործակցությունը և կառուցել երկարաժամկետ հարաբերություններ։ Միջոցառմանը ներկայացվեցին հայկական վենչուրային կապիտալով (Venture Capital (VC) ընկերությունները, տեղի ունեցավ Հայաստանում միջազգային ներդրումների վերաբերյալ պանելային քննարկում, հայկական ստարտափների և էկոհամակարգի մասին շնորհանդես: LP/GP միջոցառումը նախաձեռնել էին հայկական Formula VC-ին, Granatus Ventures-ը և Big Story VC-ին։
Մասնավորապես, Formula VC-ն, Granatus Ventures-ը և Big Story VC-ն պատմեցին իրենց ներդրումային ռազմավարությունների, պորտֆելների կարևորագույն մասնակիցների և ապագայի տեսլականների մասին: Շնորհանդեսներին հաջորդեց Հայաստանում միջազգային ներդրումների վերաբերյալ պանելային քննարկում, ուր ներկայացվեցին միջազգային ներդրողների պատկերացումները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում ներդրումների ներուժի և մարտահրավերների վերաբերյալ: 10 հայկական ստարտափներ իրականացրին փիչինգ և անհատական հանդիպումներ ունեցան ներդրողների հետ։
«Հայաստանն արագորեն դառնում է տեխնոլոգիաների և նորարարության կենտրոն, և այս միջոցառումը վկայում է այն առաջընթացի մասին, որը մենք գրանցում ենք։ Այս միջոցառման շրջանակում մենք ցուցադրեցինք հայկական ստարտափների ներուժը և կապեր ստեղծեցինք հայ նորարարների և միջազգային ներդրողների միջև։ Վստահ եմ, որ այս իրադարձությունը հետագայում շատ լավ արդյունքներ կգրանցի»,- նշում է Formula VC-ի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի է ունեցել տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը Մարզահամերգային համալիրում, որի շրջանակում անցկացվեց նաև «ԴիջիԹեք էքսպոն» Մերիդիան կենտրոնում։ «Մտքի ուժը. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների։