ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո։ Տեսանյութին կից նա գրել է․
«Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»։
Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո X-ի իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել։
«Միջխորհրդարանական միավորման 149-րդ վեհաժողովի շրջանակում բովանդակալից հանդիպում ունեցա պարոն Նուման Քուրթուլմուշի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ։ Քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և տարածաշրջանն ամբողջությամբ։ Ես նաև ներկայացրի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Պայմանավորվեցինք առաջիկայում շարունակել մեր շփումները»,- գրել է նա։
Արդեն հայտնել էինք, որ Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։