ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը։
Ներկայացմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել կարևոր իրադարձության առիթով՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիացի գործընկերներին գեղեցիկ համագործակցությամբ Փարաջանովի հոբելյանն արժևորելու համար։
«Փարաջանովը սահմաններ ու արգելքներ չէր ճանաչում. նա սիրում էր համախմբել, միավորել թե՛ մարդկանց, թե՛ մշակույթներն ու արվեստի տարբեր ճյուղերը։ Եվ այսօր մենք էլ, փարաջանովյան ոգով ներշնչված, միավորել ենք տարբեր մշակույթներ՝ հասկանալու, թե նոր սերունդն ինչպես է յուրացնում նրա ժառանգությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը։
Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում:
Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը։
Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կյանքի և գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:
Բեմադրող ռեժիսոր և խորեոգրաֆ` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյան:
Ներկայացումը տեղի կունենա նաև հոկտեմբերի 15-ին։