ԱՄՆ նախագահի՝ կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում: Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժն իշխանության բաժանումն է:
«Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ մտածում են», - շեշտել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Պոդեստայի խոսքով՝ կոնգրեսականների նամակն արտացոլում է նրանց մտահոգությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված։ Նա տեղեկացրել է․
«Պետքարտուղար Բլինքենը պարբերաբար անդրադառնում է այդ թեմային Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ շփումներում»:
Պոդեստան հավելել է, որ ադրբեջանական կողմը խոստացել է կատարել «մարդու իրավունքների և մամուլի ազատության վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները»։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։