Թուրքիան մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից ներկրվող պողպատե արտադրանքի համար։ Այսուհետ ռուսական պողպատը լրացուցիչ 6-9 տոկոսով կհարկվի՝ կախված արտադրողից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կառավարության որոշման մեջ:
Միջոցառումները մտցվել են 5 տարի ժամկետով և կապված են օտարերկրյա մատակարարների կողմից «անբարեխիղճ մրցակցության» և դեմպինգի հետ, որոնք վնասում են պողպատի տեղական արտադրությունը՝ բացատրել են Թուրքիայի կառավարությունից։ Անկարան նմանատիպ մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից և Ճապոնիայից պողպատ արտադրողների համար: Չինական պողպատի համար մաքսատուրքերը սահմանվել են մինչև 43 տոկոս:
2023 թվականին Թուրքիան 3,1 միլիարդ դոլարի ռուսական պողպատ է գնել։ Ռուսական պողպատագործներն արդեն խնդիրներ են ունենում արտասահմանում իրացման հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին կիրառվող պատժամիջոցների պատճառով: Հունվար-օգոստոսին ռուսական ծովային նավահանգիստներով սև մետաղների արտահանումը նվազել է 15 տոկոսով՝ հասնելով 12,5 միլիոն տոննայի։ «Ռուսական երկաթուղիների» ցանցով արտահանման փոխադրումները նույնպես նվազել են 15 տոկոսով՝ մինչև 19,5 մլն տոննա՝ ասում է «Финам» ներդրումային ընկերության վերլուծաբան Ալեքսեյ Կալաչևը։
Առավել մեծ վնասներ են կրել Ռուսաստանի պողպատե խողովակների խոշորագույն արտադրող «Խողովակների մետալուրգիական ընկերության» (TMK) ձեռնարկությունները։