Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները: Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել դրանք: «Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:
Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման Բաքվի նպատակները: Նա Ամստերդամին մեղադրել է, իբր, երկակի չափորոշիչների քաղաքականություն վարելու համար:
Հաջիզադեն անընդունելի է որակել նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար Բաքվին ուղղված մեղադրանքները։
«Կոչ ենք անում հոլանդական կողմին՝ հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և լարվածություն է ստեղծում Ադրբեջանի և Նիդերլանդների հարաբերություններում»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։