«Հըզբոլլահ» շարժումը կարող է դիտարկել ոչ միայն զինված դիմադրությունը, այլև գործողությունների այլ տարբերակներ Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար, LBCI հեռուստաալիքին ասել է շարժման մամուլի ծառայության ղեկավար Մուհամմադ Աֆիֆը։
«Մեր բացարձակ առաջնահերթությունը թշնամուն հաղթելն է, ուժով ստիպել նրան դադարեցնել իր ագրեսիան: Այնուամենայնիվ, մենք բաց ենք այն կանգնեցնելու ցանկացած ջանքի համար»,- ասել է նա:
Մուհամմադ Աֆիֆի խոսքով՝ «Հըզբոլլահն» օգտագործել է իր ուժերի միայն մի մասը Իսրայելի դեմ պայքարում, և շարժման դիրքերը ամուր են։ Նա Իսրայելին մեղադրել է Բեյրութի հարավային ծայրամասերի վրա «կեղծ պատրվակով» հարձակվելու համար՝ պատճառաբանելով, թե, իբր, թիրախավորում է զենքի պահեստները: Մուհամմադ Աֆիֆը նաև ասել է, որ իսրայելական հրամանատարությունը թաքցնում է կորուստները իսրայելցի զինվորականների շրջանում։
«Հըզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարը կարծում է, որ միջազգային հանրությունը բավարար ուշադրություն չի դարձնում Իսրայելի գործողություններին Լիբանանում։