Ո՞վ պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում կապուղիների անվտանգությունը: Թեմային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում՝ խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրացրած հարցի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում ներկայացնել և հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելու համար, թե հայտարարության 9-րդ կետով կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը:
Վարչապետը ևս մեկ անգամ մեջ բերեց եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որում ասվում է՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը:
«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի հետ կապի մասին է, ինչն այդպես չէ: Չի կարելի եռակողմ հայտարարության մի կետը վերցնել և ծածանել, որովհետև եռակողմ հայտարարությունը ունի 9 կետ: Իսկ հիմա եկեք անդրադառնանք մյուս կետերին. իսկ որտե՞ղ է հիմա Լաչինի միջանքը, որտե՞ղ են խաղաղապահները, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղում, որտե՞ղ է եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Էլ չեմ ասում՝ իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:
Ադրբեջանը շատ է թմբկահարում, և մենք հասկանում ենք անհետ կորածների խնդիրը, բայց ՀՀ-ն այսօր շուրջ 1000 անհետ կորած մարդ ունի, ցուցակ ունի, որոնց ճակատագիրը նույնպես պետք է պարզաբանել: Մենք այսօր գերեվարված անձինք ունենք 2020 թվականից, որոնք 2020-ից մինչ օրս գտնվում են գերության մեջ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ մոտեցումները, որ վերցնել եռակողմ հայտարարությունից մի կետը և շեշտել այն, բացարձակապես անընդունելի են:
«Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք, սկսենք կարդալ վերնագրից և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրագործման մասին»,- նկատեց Փաշինյանը՝ շեշտելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը հայտարարության վերջին կետն է։
Վերադառնալով Ադրբեջան-Նախիջևան կապին՝ վարչապետն ընդգծեց՝ այդ կապն այսօր էլ ՀՀ տարածքով ապահովվում է. խոսքը օդային տարածքով ավիաչվերթների մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում: