Ինչու արդեն ըստ էության մեկ տարի գոյություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի չի կոչվում: Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում հարց հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի ընկալումներն այս առումով:
Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանի Հանրապետությանը:
«Այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին:
Առաջինը՝ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի իր նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:
Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները ՀՀ-ի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ: Այստեղ ես ուզում եմ օբյեկտիվ ասել, որ եթե Ադրբեջանի խորքային մտահոգությունը առաջինն է, դա փարատելի մտահոգություն է, որովհետև ՀՀ-ն արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք:
Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել: Ավելին՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա:
Այսինքն՝ մենք ըստ էության բոլոր երաշխիքները ստեղծում ենք և շարունակելու ենք այս ուղեգիծը, որպեսզի մեր հարևաններից որևէ մեկը ոչ միայն կասկած չունենա մեր ագրեսիվ մտադրությունների գոյության վերաբերյալ, այլև գոյություն ունենան դե յուրե պարտադիր երաշխիքներ՝ մեր երկրի կողմից ագրեսիվ քաղաքականությունների չվարման վերաբերյալ: Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը իր այսօրվա խոսույթով ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ:
Թվում է, թե սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ճանապարհները բացվեն Հայաստանի տարածքով, բայց Հայաստանը շարունակի մնալ բլոկադայի մեջ: Հասկանալի է, որ սա ինքնին անտրամաբանական մոտեցում է և այս մոտեցումը ՀՀ-ի համար չի կարող լինել ընդունելի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: