Աշխաբադում ավարտվել են Ռուսաստանի և Իրանի նախագահների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը խոսել են մոտ մեկ ժամ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումն անցել է ընդլայնված ձևաչափով, ապա տեղի է ունեցել առանձնազրույց:
Փեզեշքիանը բանակցությունների ընթացքում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների «անկեղծությունը»՝ նշելով, որ երկրների միջև զարգանում են մշակութային և հումանիտար շփումները:
«Միջազգային ասպարեզում մեր դիրքորոշումները նման են»,- հավելել է Իրանի նախագահը, հույս հայտնել, որ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին։
Պուտինն էլ հաստատել է, որ Կազանում սպասում է իրանցի գործընկերոջը, և երկկողմ հանդիպում կանցկացնի նրա հետ:
Սա Ռուսաստանի և Իրանի նախագահների առաջին հանդիպումն էր նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ընտրվելուց հետո: