Լիբանանում ևս մեկ վտանգավոր գիծ է հատվել. Իսրայելի պաշտպանության բանակը գնդակոծել է ՄԱԿ-ի խաղաղապահներին՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Նա տեղեկացրել է, որ երկու «կապույտ սաղավարտներ» են վիրավորվել:
«Մենք դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որն արդարացում չունի։ ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորած նրանց առաքելությանը և նրանց զորքերին»,- X-ի իր միկրոբլոգում նշել է Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ խաղաղապահների վրա ցանկացած կանխամտածված հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լուրջ խախտում է:
«Իսրայելը պարտավոր է հարգել երկուսն էլ: Անհրաժեշտ է լիարժեք պատասխանատվություն»,- գրել է Բորելը: