ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ միտված ՀՀ և ՄԹ միջև հաստատված ռազմավարական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հետագա խորացմանը:
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը: