Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ և 12,5 կմ երկարությամբ 9 թունել: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, ճանապարհը երթևեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ: Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին և տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա: 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված: Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու և իրականացվելու է Հարավային հատվածի` 24 կմ ճանապարհի կառուցումը: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով և ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:
Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:
Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում և ստացել դրական եզրակացություն: Այն եւս կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: