Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերին: Գասպարյանը կարևորել է համատեղ ջանքերով ներդրված ծրագրերը և, ի դեմս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, շեշտել վստահելի գործընկերոջ հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ֆլորենս Բաուերը տեղեկացրել է, որ հիմնադրամը մշակում է Հայաստանում աշխատանքի առաջիկա 5-ամյա գործողությունների ծրագրային փաստաթուղթը, և իր այցի նպատակն է քննարկել ոլորտի առաջնահերթությունները:
«Տպավորված եմ հատկապես վերարտադրողական առողջության ոլորտում կատարված աշխատանքով` հաշվի առնելով նաև այն աջակցությունը, որ տրամադրվում է նախարարության կողմից ծառայություններ մատուցող այդ կենտրոններին»,- նշել է Ֆլորենս Բաուերը:
Նա հետաքրքրվել է կեսարյան հատմամբ ծնունդների թվի կրճատման ուղղված քայլերով և կարևորել մայրական մահացության դեպքերի նվազմանը միտված համատեղ աշխատանքները:
Արմեն Գասպարյանն առաջարկել է նաև անպտղության պատճառների որակական հետազոտությունը նույնպես դարձնել օրակարգային, ինչը թիրախային կդարձնի իրականացվող քաղաքականությունը:
Քննարկվել է նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առաջնահերթությունը, այդ ուղղությամբ առաջիկա աշխատանքները:
Կարևորվել է նաև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ իրազեկման աշխատանքների աշխուժացումը, և պայմանավորվածություն ձեռք բերվել կրկին ակտիվացնել նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև համագործակցությունը: