Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր oպերատիվ տվյալ, որ Վանաձորի Կոտրած եկեղեցի կոչվող թաղամասում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձում է թմրամիջոց տեղադրել: Ժամը 14-ին ոստիկաններն արդեն դեպքի վայրում էին: Գյումրիում հաշվառված, բայց Երևանում բնակվող 23-ամյա վարորդը իրավապահների ներկայությամբ փորձել էր թաքցնել մեքենայում եղած փաթեթները, մեքենայից նետել էր մի քանիսը, սակայն սրահում մնացել էին տարբեր գույնի փաթեթներ։
«Այդ պահին մեքենայում էր նաև վարորդի կինը: Երկուսն էլ ձերբակալվեցին և բերման ենթարկվեցին Գուգարքի բաժին:
Ամուսինը հայտնեց, որ տարագույն կպչուն ժապավենով կապված փաթեթներում կանեփ, «շոկո» և «կրիստալ» տեսակի թմրամիջոցներ են: Կինը հայտնեց, որ ավտոմեքենայի պահոցից վերցրել և իր պայուսակն է դրել սպիտակ գույնի զանգված, որը ևս թմրամիջոց է:
Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 6-ին, «Հյունդայի» ավտոմեքենայի խուզարկության ժամանակ, վարորդը ներկայացրեց կանաչ փաթեթ, որում, իր ասելով` սփայս տեսակի թմրամիջոց է: Կնոջ՝ մեքենայում գտնվող պայուսակում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` տարագույն 21 փաթեթով, որոնցից երեք կապույտ փաթեթում կրիստալի նմանվող զանգված էր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- տեղեկանում ենք տարածված հաղորդագրությամբ: