Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և վերջ դնել պատերազմին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի և արևմտյան երկրների ղեկավարների միջև բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներին։
Հրապարակայնորեն Զելենսկին շարունակում է պնդել ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումն Ուկրաինայից և բացառում է օկուպացված տարածքների շուրջ սակարկությունները, սակայն ուկրաինացի պաշտոնյաները հասկացրել են, որ իրենք պատրաստ են ընդունել պատերազմի ավարտի անհրաժեշտությունը և «ավելի ճկուն» դիրքորոշում որդեգրել։
Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ սեպտեմբերին Զելենսկու առաջարկած «հաղթանակի ծրագիրն» արժանացել է Վաշինգտոնի սառը ընդունելությանը, և արևմտյան դաշնակիցները մեծացրել են ճնշումը Կիևի վրա՝ ավելի կոնկրետ սցենար ներկայացնելու համար։ Իրավիճակը ճակատում, ֆինանսավորման հետ կապված դժվարությունները և ԱՄՆ-ում նախագահի գալիք ընտրությունը դրդում են Ուկրաինայի դաշնակիցներին «ավելի ուշադիր դիտարկել բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Bloomberg-ը։
Պաշտոնապես Ուկրաինան պնդում է, որ պետք է իրականացնել Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը», որը ներառում է վերադարձ 1991 թվականի սահմաններին և գրավյալ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հունիսի կեսերին ներկայացրել է հակամարտության դադարեցման իր ծրագիրը։ Այն ներառում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, Կիևի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության բացակայության ճանաչում, ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարում, ոչ միջուկային երկրի կարգավիճակի ամրագրում, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկում։ Կիևն այդ ծրագիրն անմիջապես մերժել է՝ այն անվանելով անընդունելի։