Լիբանանի շիա «Հըզբոլլահ» խմբավորումը, ըստ երևույթին, փոխել է իր դիրքորոշումը և պատրաստ է համաձայնել Իսրայելի հետ անվերապահ հրադադարին: Այս մասին չորեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները, մասնավորապես՝ The Jerusalem Post-ը։
Ավելի վաղ շիական շարժումը Լիբանանում հրադադարը կապում էր կրակի դադարեցման հետ Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի պաշտպանության ուժերը արդեն մեկ տարի ռազմական գործողություններ են իրականացնում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։
Իսրայելական լրատվամիջոցները կարծում են, որ շիա խմբավորման դիրքորոշման փոփոխությանը նպաստել է Թեհրանը: Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու մի շարք արաբական երկրներ գաղտնի բանակցություններ են վարում Իրանի հետ՝ փորձելով հրադադարի հասնել միանգամից մի քանի ուղղություններով՝ Լիբանան, Իրաք, Սիրիա, Եմեն։
Տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ Իսրայելը սկսել է պայմաններ մշակել «Հըզբոլլահի» հետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Պահանջների թվում են շիա խմբավորման ամբողջական զինաթափումը և նրա ուժերի դուրսբերումը Իսրայելի սահմանից Լիտան գետից հյուսիս, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի օգոստոսին ընդունված 1701 բանաձևով։
Մի շարք փորձագետներ, սակայն, կարծում են, որ «Հըզբոլլահը» շատ ուշ է որոշել՝ ապավինել հակամարտությունից դիվանագիտական ճանապարհով դուրս գալուն։ Նրանք նշում են, որ Իսրայելն ուժեղացրել է իր հարձակումը շարժման դեմ՝ ցամաքային զորքեր ուղարկելով Լիբանան և շարունակելով օդային հարձակումները Բեյրութի ու երկրի այլ հատվածների վրա:
The Times of Israel-ն էլ, հղում անելով աղբյուրին, գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարության նախարարները նախօրեին կայացած նիստում որոշում են ընդունել Իրանին հարվածելիս հիմնական թիրախ ընտրել ռազմական օբյեկտները: