Եվրախորհրդարանը կոչ է անում սառեցնել Եվրամիության կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրվող ամբողջ ֆինանսավորումը, քանի դեռ Թբիլիսին չի չեղարկել ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության», «Ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության» մասին օրենքները, ինչպես նաև երկրի օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այդ մասին ասված է «Ժողովրդավարական հետընթացը և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում» բանաձևում, որն ընդունել է Եվրախորհրդարանը հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում: Բանաձևի օգտին քվեարկել է 495 եվրապատգամավոր, 73-ը դեմ են եղել, 86-ը՝ ձեռնպահ:
Պատգամավորները նաև Եվրահանձնաժողովին խնդրել են գնահատել, թե ինչպես են այդ նոր օրենքները, ինչպես նաև Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանի ընտրության անցկացման պայմաններն «ազդում Թբիլիսիի կողմից այն չափանիշների կատարման վրա», որոնց շնորհիվ 2017 թվականի մարտին երկրին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ տրամադրվեց:
Բանաձևի հեղինակները կարծում են, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները հակասում են եվրաինտեգրմանը: Նրանց համոզմամբ՝ «Վրաստանում վերջերս ընդունված օրենսդրությունը» «գործնականում կասեցրեց» Թբիլիսիի ինտեգրումը ԵՄ-ին։ «Ուստի Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհատական պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար», մասնակցում են ընդդիմության և խաղաղ ցուցարարների հետապնդումներին, տարածում են «հակաարևմտյան ապատեղեկատվություն», ասված է փաստաթղթում: