Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի մարտի դաշտում քիմիական զենք կիրառելու համար։ Տույժերի են ենթարկվել ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերն ու նրանց հրամանատար Իգոր Կիրիլովը, որոնք մեղադրվում են քիմիական զենքի օգտագործման ու ապատեղեկատվության տարածելու համար, հայտնել է Բրիտանիայի կառավարությունը:
Սև ցուցակում են ներառված նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության 27-րդ և 33-րդ գիտահետազոտական կենտրոնները, որոնք կապ ունեն քիմիական և կենսաբանական զենքի մշակման հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ «ռուսական զորքերը բացահայտ ընդունել են վտանգավոր քիմիական զենքի կիրառումն Ուկրաինայում»։ Խոսքը քլորոպիկրինի օգտագործման մասին է, որն առաջին անգամ կիրառվել է ռազմադաշտերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ-ն էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել ՝ Ուկրաինայում քիմիական զենք կիրառելու համար։