Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ադրբեջանի իր գործընկերոջը: Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ՌԴ ղեկավարն ասել է, որ անցած գիշեր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։ Պուտինը նշել է, որ բազմաթիվ հետաքրքիր նախագծերի են անդրադարձել էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ հարաբերությունները դրական են զարգանում։
«Առևտրային շրջանառությունը կազմում է 4,3 մլրդ դոլար, մեր ուղղակի ներդրումներն Ադրբեջանի տնտեսության մեջ անցնում են 4 մլրդ դոլարը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Ալիևն էլ նշել է, որ երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան նկատելի է: Նրա խոսքով՝ հանդիպումը լավ առիթ է՝ ևս մեկ անգամ անդրադառնալու երկկողմ օրակարգի հարցերին: Ռուսաստանի ղեկավարն իր գործընկերոջը հրավիրել է հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումներին, նշել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, հավանաբար, շոշափվել է բանակցությունների ժամանակ:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։