Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Ուրախ եմ Ձեզ ողջունել Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը, անցկացնել երկկողմ հանդիպում»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այդ հանդիպումը հնարավորություն է՝ ընդլայնված կազմերով քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող սկզբունքային հարցերը:
ՌԴ նախագահը նշել է, որ առևտրատնտեսական հարաբերություններն արդյունավետ զարգանում են. ապրանքաշրջանառությունը նախորդ տարում հասել է 7.4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2.5 անգամ՝ անցնելով 8.3 մլրդ դոլարից: Պուտինի խոսքով՝ այս տարի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 մլրդ դոլարի: Պուտինը նշել է նաև, որ ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր ներդրողն է՝ մոտ 4 մլրդ դոլար:
«Ուրախ եմ նշել, որ վերջին ամիսներին ունեցել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն. փոխվարչապետ Օվերչուկն է այցելել Հայաստան, Երևանում հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, բավական բովանդակային խոսակցություն ունեցանք մեր օրակարգի փաստացի բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումը հնարավորություն է՝ ամփոփելու այդ քննարկումները:
Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազանում մասնակցել BRICS-ի գագաթնաժողովին՝ հավելելով, որ կանցկացվի երկկողմ հանդիպում և հնարավորություն կլինի խոսելու այլ երկրների ղեկավարների հետ: