Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ մշակվող ծրագրի նախնական շրջանակը, որով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաև բնակարանաշինության ոլորտի բարեփոխումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը՝ ծրագրի շրջանակը առաջիկայում վերջնականացնելու նպատակով:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցության, ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ առաջնահերթությունների վերաբերյալ: