ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:
Նշվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են Հնդկաստանի Հանրապետության շուրջ 2639 քաղաքացիներ: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այդ թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի կմեծանա: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում:
ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները: Դեսպանն ընդգծել է՝ միջբուհական համագործակցության խորացումը ևս կարևոր է:
Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված թիրախներին՝ շեշտելով, որ առաջնային է համարվում ՀՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների թվաքանակի աճը։
Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել տարբեր մարզաձևերում մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը քննարկել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբորող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությանը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: