Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
WCIT 2024 / DigiTec-ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ և ապագա ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը։
Նախարարը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես ներկա ազդեցություններին, այնպես էլ` ապագա ներուժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական համակարգի կառավարման պարզեցումը, հեռաբժշկության, արհեստական ինտելեկտի և առողջության տվյալների վերլուծությունը պացիենտների բուժման հասանելիության բարելավման գործում:
«Կանխատեսելով թվային առողջապահության նորարարությունների հաջորդ ալիքը և դրանց ներուժը` մենք վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով»,- նշել է նախարարը։