Ղազախստանի քաղաքացիները կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, հանրաքվեով քվեարկել են երկրում և ամբողջ Կենտրոնական Ասիայում առաջին ատոմակայանի կառուցման օգտին։ Քվեարկությունից հետո երեք էքզիթ փոլի տվյալով, որը հրապարակել է KTK հեռուստաալիքը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տվյալով, ընտրողների 71,12 տոկոսը քվեարկել է ԱԷԿ-ի կառուցման օգտին, հանրաքվեին մասնակցությունը կազմել է մոտ 64 տոկոս։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նույնպես մասնակցել է հանրաքվեին, ատոմակայանի կառուցման ծրագիրն անվանել է «անկախ Ղազախստանի պատմության ամենամեծ նախագիծը»։ Նա կողմ է արտահայտվել ատոմակայանի կառուցմանը «ամենաժամանակակից տեխնոլոգիաներով` համաշխարհային ընկերությունների կոնսորցիումի կողմից»։ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի ընկերությունները հավակնում են ատոմակայանի կառուցման պայմանագրին։
Ղազախստանն աշխարհում ուրանի ամենախոշոր արտադրողն է, սակայն հանրապետությունում էլեկտրաէներգիայի պակաս կա: Ատոմակայանը կոչված է փոխելու այդ իրավիճակը: Միաժամանակ բազմաթիվ բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ դեմ են ատոմակայանների կառուցմանը։ Մտավախություններից մեկն այն է, որ ատոմակայանի կառուցման գաղափարը Ղազախստանի իշխանությունների կողմից առաջ է մղվում` բացառապես Ռուսաստանի շահերից ելնելով։