Հոկտեմբերի 7-ին և 8-ին Մոսկվայում տեղի կունենան ԱԳ նախարարների խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու միավորման գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը կդառնա 72 տարեկան։
«Առանձնապես տոնական ոչինչ չի լինի։ Օրվա կեսին նա կունենա ոչ հրապարակային աշխատանքային հանդիպումներ, իսկ երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կլինեն նախագահի մոտ»,- ասել Է Պեսկովը։
Նրա խոսքով` «եկող շաբաթ տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի լիաֆորմատ նիստ՝ բավականին ամբողջական օրակարգով»։
ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստը կղեկավարի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կամփոփեն 2024 թվականին կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության շրջանակներում համատեղ աշխատանքի նախնական արդյունքները, կքննարկեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության հեռանկարները, ներառյալ տնտեսական ինտեգրման խորացումը, մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելը և մարդասիրական կապերի ընդլայնումը:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախապատրաստմանն ու տոնակատարությանը»,- նշել է Զախարովան։