Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը՝ ժամկետը լրանալուց հետո, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպմանը։
«Մենք հասկանում ենք որոշ պետությունների, մասնավորապես, Սլովակիայի սուր կախվածությունն այս ռեսուրսից։ Բայց ակնկալում ենք մատակարարումների աստիճանական դիվերսիֆիկացում»,- ասել է Շմիհալը:
Ռուսական գազը Եվրոպա է մատակարարվում Ուկրաինայի տարածքով։ Տարանցման համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին և ավարտվում է 2024 թ. դեկտեմբերի վերջին։ «Հյուսիսային հոսքի» պայթյունից և Յամալ-Եվրոպա գազատարով մղման դադարեցումից հետո այս տարանցիկ գիծը մնացել է Կենտրոնական Եվրոպա ռուսական գազի մատակարարման միակ ուղին։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Կիևը բազմիցս բացառել է «Գազպրոմի» հետ պայմանագրի երկարաձգումը։ Եվրամիությունից հայտնել են, որ իրենք նույնպես շահագրգռված չեն համաձայնագրի երկարաձգմամբ։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ը հունիսին հայտնել էր, որ եվրոպական ընկերությունները որպես տարբերակ են դիտարկում գազի գնումն Ադրբեջանից:
Պարբերականը հիշեցնում է, որ ԵՄ երկրները սկսել են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից և ռուսական գազի արտահանումն Ուկրաինայի միջոցով այժմ կազմում է մատակարարումների ընդհանուր 5 տոկոսը: Սակայն Միության անդամ երեք երկիր՝ Ավստրիան, Հունգարիան և Սլովակիան, շարունակում են պահպանել կախվածությունը ռուսական գազից: