Կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Բեյրութում գտնվող շիա արմատական «Հըզբոլլահ» խմբավորման հետախուզության շտաբին։
Բացի այդ, Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող «Հըզբոլլահի» զենքի պահեստներին, խմբավորման թիրախներին՝ Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածել է նաև ենթակառուցվածքային օբյեկտներին, ներառյալ՝ հրամանատարական կենտրոնն ու հրթիռային կայանը:
Իսրայելը, միաժամանակ, ուժեղացրել է Գազայի հյուսիսային հատվածի ռմբակոծությունները։ Պաղեստինյան կողմի տվյալով՝ Գազայի մզկիթի վրա հարձակման հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել ու վիրավորվել։
Իր հերթին, «Հըզբոլլահի» ներկայացուցիչները հայտնել են, որ հարվածել են Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքի ռազմաբազային՝ մի քանի հրթիռ արձակելով Կարմել բազայի ուղղությամբ։ Զինյալները նաև հայտնել են Իսրայելի հյուսիսում գտնվող մեկ այլ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքերի երկու հարձակման մասին:
Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում մարտերի ընթացքում ծանր վիրավորվել է ՑԱՀԱԼ-ի երեք զինծառայող։