Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում տեղի ունեցած հրդեհի առթիվ քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել: Պատճառն այն է, որ դեպքի մասին հաղորդում չի ստացվել: Այդ մասին «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից:
«Ըստ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսական մարմնի Երևան քաղաքի պետի՝ որևիցե հրդեհային անվտանգության կանոններ պահպանված չեն եղել»,- «Լուրերի» հետ ուղիղ եթերում ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են շուրջ 17 մարտական հաշվարկ, 5-ից ավելի ջրատար մեքենա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս պահի տվյալներով բոլոր աշխատակիցները դուրս են եկել, տուժածներ չկան: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: