Հրդեհը, ըստ աշխատակիցների խոսքի, առաջացել է էլեկտրական հոսանքից: «Աշխատակիցներն ասում են՝ հոսանքը գնաց, հետո եկավ, ու բռնկվեց: Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր ահազանգել են հրշեջ-փրկարարական ծառայություն: «Դոմուսում» բռնկված հրդեհի վերաբերյալ լրագրողներին ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
«Այս պահին չեմ կարող ասել՝ հակահրդեհային համակարգ եղել է կամ գործել է, թե՝ ոչ»,- նշեց նա:
ՓԾ տնօրենն ավելացրեց, որ տուժածներ փրկարարների շրջանում ևս չկան:
«Ես այս պահին որևէ վարկած չեմ կարող ասել. տեսչական մարմինն ինքը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կհրապարակեն»,- ասաց Կամո Ցուցուլյանը՝ նշելով, որ վնասի չափ ևս չի կարող նշել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս պահի տվյալներով բոլոր աշխատակիցները դուրս են եկել, տուժածներ չկան: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: