Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու, բնակիչներին նոր բնակարանով ապահովելու ծրագիրն ընթացքի մեջ է: 76 գույքային միավորից մնացել են 18-ը, որոնց մասով տարատեսակ անհամաձայնությունների պատճառով դեռևս կնքված չեն պայմանագրեր: Որոշումների մասով Երևանի քաղաքապետարանը դատավարական գործընթացներում է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Քաղաքապետն արձագանքեց՝ այս ծրագրերի մասով Երևանը որևէ պարտավորություն չունի. «Սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ համարում, որտեղ քաղաքապետարանը, որպես այդպիսին, պարտավորություն չունի»:
Ավինյանը նկատեց՝ շենքերը 4-րդ կարգի վթարային են, և ոչ ոք չգիտի՝ երբ կփլվեն, բայց որ կփլվեն, հաստատ է: Բացի դրանից, ըստ Ավինյանի, այդ բնակարանների արժեքը զրո է:
«Զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու,- ասաց Ավինյանը, ապա խոսքն ուղղեց Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի բնակիչներին.- Այս ձգձգումները և դատական պրոցեսները կարող են բերել նրան, որ Երևանի քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այս ծրագրից...
...Եթե չկարողանանք միասին, գրագետ ժամկետներում այս խնդիրը լուծել, ուղղակի այս խնդրից կհրաժարվենք»: