Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Լիբանանում և Գազայի հատվածում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, հայտնում է BFMTV-ն:
Համաձյան Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ Մակրոնը Նեթանյահուին ասել է, որ «եկել է կրակը դադարեցնելու ժամանակը»:
Ընդ որում՝ քաղաքական գործիչներն ընդունել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ տարաձայնությունների առկայությունը:
Համաձայն Իսրայելի վարչապետի գրասենյակի՝ Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում ասել է, որ իր երկրի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն «միայն կուժեղացնի «չարի առանցքը»՝ Իրանի գլխավորությամբ»:
Նրա խոսքով՝ Իսրայելը դաշնակիցներից ակնկալում է, որ նրանք իրեն կաջակցեն, այլ ոչ թե սահմանափակումներ կկիրառեն:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին Մակրոնը դաշնակիցներին կոչ էր արել Իսրայելին չտրամադրել զենք, որը ՑԱՀԱԼ-ը կարող է օգտագործել Գազայի հատվածում, հիշեցրել, որ Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում։
«Կարծում եմ՝ մեր առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը։
Մեկնաբանելով Լիբանանում զարգացումները՝ Մակրոնը հայտարարել էր՝ այժմ գլխավորը էսկալացիայից խուսափելն է: «Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- հավելել էր Ֆրանսիայի նախագահը։
Նեթանյահուն կտրուկ էր արձագանքել նրա առաջարկին՝ այն անվանելով «ամոթալի»: