ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն: Նախարարը շեշտել է, որ միահամուռ ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա և համոզմունք հայտնել, որ այս 3 օրերի ընթացքում հնարավություն է ստեղծվելու բացահայտելու ԱԲ կողմից մարդկության և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններն ու գործիքակազմերը, որոնք գալիս են փոխելու առհասարակ բոլորիս, մեր կյանքն ու մոլորակը:
Հայրապետյանը ընդգծել է, որ WCIT-ն չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար և բարի երթ մաղթել կոնգրեսի աշխատանքներին:
Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշել է, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրել է, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը:
Շան Սիան մատնանշել է, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք լրջորեն քննարկում են արհեստական բանականության կիրառելիության հարցը տարբեր ասպարեզներում և նրանց միջև առկա է լուրջ մրցակցություն: Սակայն այս համատեքստում առանձնահատուկ կարևորել է այն փաստը, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը հանուն ընդհանուր բարօրության, հանուն ավելի արդյունավետ համակարգերի ստեղծման՝ ընդգծելով նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը կառավարությունների հովանու ներքո, ինչն ավելի արժեքավոր է դարձնում համագործակցությունը թվային հարթակում:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նույնպես արժևորել է համաժողովի Հայաստանում անցկացումը՝ կարևորելով համաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեման՝ արհեստական բանականությունը:
Ելույթ է ունեցել նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ իր հերթին հույս է հայտնել, որ արհեստական բանականության և տարբեր ճյուղերում դրա կիրառության վերաբերյալ՝ կրթությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ քննարկումները կլինեն հրապուրիչ բոլորի համար:
WCIT-ն տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ է:
WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ երկրում մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։