ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովայի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը ողջունել է Սվետլանա Արտիկովային ՀՀ գլխավոր դատախազությունում և շնորհակալություն է հայտնել Համակարգող խորհրդի նիստին ակտիվ մասնակցելու ու մասնագիտական փորձառությամբ կիսվելու համար:
Սվետլանա Արտիկովան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության և Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան քննարկել են երկու երկրների դատախազությունների համար հետաքրքրություն ներկայացնող իրավական մի շարք հարցեր: