ՆԱՏՕ-ն ձգտում է խաղաղապահների անվան տակ զորակազմ մտցնել Հարավային Կովկաս՝ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ ԱՊՀ անվտանգային մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցկացվում է Աստանայում:
«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին Բաքվի հետ բանակցությունները ձգձգելուն ուղղելով՝ Արևմուտքը փորձում է գլխավորել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը ու հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,- ասել է ռուս պաշտոնյան։
Նրա խոսքով՝ սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը Հայաստանի կառավարությանը հորդորում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից՝ Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում: