Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր Հայաստանը վտանգավոր խաղ է խաղում՝ խոսում է խաղաղության մասին և միաժամանակ զինվում: Նա առանձնացրել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի գործակցությունը:
«Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը և զբաղվեն իրենց գործերով և արյունոտ անցյալով: Սա իմ նախազգուշացումն է, ով հետևի դրան, չի սխալվի»,- նշել է Իլհամ Ալիևը։
Նա դժգոհել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել 1992 թվականին սահմանված պատժամիջոցները, թեև մի քանի տարի շարունակ հատուկ որոշումով դրանք չեղարկում էր: Նա մտահոգություն է հայտնել, որ ամերիկացի 60 կոնգրեսական դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
«Մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում: Նրանց կոչն ուղղված է ԱՄՆ պետքարտուղարին։ Բայց ես կասկած չունեմ, որ այդ տեքստը հենց պետքարտուղարությունում էլ գրել են։ Սպառնում ու մեղադրում են մեզ»,- բողոքել է Ալիևը: